Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Տեսա, որ գյուղում մի բնակիչ կա` 83- ամյա Լենա տատիկը, և որոշեցի նկարահանել»

«Տեսա, որ գյուղում մի բնակիչ կա` 83- ամյա Լենա տատիկը, և որոշեցի նկարահանել»
11.07.2016 | 13:15

Արդեն 30 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղը ամայացած է: Միակ բնակիչը, որ մնացել է գյուղում, 83-ամյա Լենան է: Նա ավելի քան երկու տարի է, ինչ մենակ է գյուղում: Լենայի ամուսինը որոշել էր կնոջ հետ մնալ և հրաժարվել էր լքել գյուղը, չնայած գյուղը քիչ-քիչ սկսել էր ամայանալ: Վատ ճանապարհները և դպրոցների բացակայությունը հանգեցրել են գյուղի ամայացմանը: Լենան չորս տղա ունի: Նրանցից մեկը զոհվել է արցախյան պատերազմում: Մյուս որդիներն ինը թոռների հետ միասին ապրում են մոտակա գյուղերում: Լենան կուզենար, որ իր գյուղը չլքվեր և չվերանար քարտեզից:

«Սխտորաշեն» այսպես է վերնագրված ԳԱՐԵԳԻՆ ՊԱՊՈՅԱՆԻ առաջին վավերագրական ֆիլմը: Գարեգին Պապոյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավելի քան հնգամյա փորձառություն ունի վավերագրական լուսանկարչության բնագավառում: Մոտ մեկ տարի հեռուստահաղորդումների և ֆիլմերի օպերատոր է եղել«Շողակաթ» հեռուստաընկերությունում: Ռեժիսորի խոսքով` անցումը վավերագրական լուսանկարչությունից վավերագրական կինո առանձնապես բարդ չի եղել. «2013-ին լուսանկարելու նպատակով շրջում էի Արցախի տարբեր շրջաններում, գյուղերում: Պատահաբար հայտնվեցի Սխտորաշենում: Տեսա, որ գյուղում մի բնակիչ կա` 83- ամյա Լենա տատիկը, և որոշեցի նկարահանել: Միայնակ ապրող մարդու համար մի քիչ անսովոր է, որ իրեն նկարահանում են, բայց համաձայնեց»:


Նկարահանման աշխատանքները տևել են երկու օր: Հետաքրքրվեցի` «Արցախում ցուցադրվե՞լ է, կամ ցուցադրվելո՞ւ է ֆիլմը»: Ռեժիսորն ասաց, որ այդպիսի հատուկ նպատակ չունի, բայց հնարավոր է, որ ցուցադրվի: Անդրադառնալով մեր` «Դատարկվող բնակավայրը, անբարեկարգ փողոցները միայն Սխտորաշենին չեն վերաբերում: Կինոլեզվով Արցախին վերաբերող խնդիրները վեր հանելու նպատա՞կ եք ունեցել» հարցին` ասաց. «Իմ առաջնային նպատակն էր ցույց տալ մի գյուղի մի բնակչի պատմությունը: Երկրորդ շերտում գուցե կա նաև այդ խնդիրը»:


Լենա տատիկը կյանքից հեռացել է: Գյուղը դատարկ է: Մեր խնդրանքով ռեժիսորը փորձեց նկարագրել Սխտորաշենը. «Բնությունը շատ սիրուն է, կան քանդված, կիսաքանդված տներ, որոնք լքել են մարդիկ: Սխտորաշենը հայտնի է նաև հնագույն ծառով: Գյուղի ներքևում գտնվող սոսին (տնջրի), գիտնականների կարծիքով, ավելի քան 2000 տարեկան է»:

«Սխտորաշեն» կարճամետրաժ վավերագրական ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդաբար` հուլիսի 12-ին`ժամը 10-ին, հուլիսի 13-ին` ժամը 17:30-ին, և հուլիսի14-ին` ժամը 21:30-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ